Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Տվեք ինձ հնարավորություն հելիոֆիկացնելու մեկ հայկական գյուղ, և ես կհելիոֆիկացնեմ ողջ աշխարհը

Տվեք ինձ հնարավորություն  հելիոֆիկացնելու մեկ  հայկական գյուղ, և ես  կհելիոֆիկացնեմ ողջ աշխարհը
15.04.2014 | 11:45

(սկիզբը` նախորդ համարում)

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ԵՐԿՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Միայն Հայաստանի ու Ղարաբաղի գյուղական բնակավայրերի հելիոֆիկացիան թույլ կտա յուրաքանչյուր տարի ստանալ 350000 (գյուղացիական տնտեսություն) X 20 կՎտ (միջին հելիոհամակարգի հզորությունը) X 2500 ժամ (միջին արևային ժամերը) լրացուցիչ ջերմային էներգիա: Դա հավասարազոր է հայկական ատոմակայանի հզորությանը համարժեք ևս 5 ատոմակայանի տված էլեկտրական էներգիային: Հայկական ատոմակայանի, ջէկերի և հէկերի տված արժեքավոր էլեկտրական էներգիան կարող է արտահանվել կամ օգտագործվել զարգացող հայկական արդյունաբերության, այդ թվում՝ հելիոտեխնիկական արդյունաբերության մեջ: Խնայված գազը կարող է ուղղվել դեպի քիմիական արդյունաբերություն կամ օգտագործվել ջէկերում` արտադրվող էլեկտրական էներգիայի ծավալների մեծացման համար:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Հելիոֆիկացիայի խնդիրը հաջողությամբ լուծելու համար անհրաժեշտ է պատրաստել ինժեներական և գիտական կադրերի մի ստվար բանակ, զարգացնել տեխնիկական և տեսական գիտությունները մի շարք կարևոր ուղղություններով (ջերմատեխնիկա, նյութերի դիմադրություն, մեքենաշինություն, մետրոլոգիա, նյութաբանություն, կիրառական օպտիկա, ծրագրավորում, կիրառական հելիոտեխնիկա, էլեկտրոնիկա, հուսալիության ֆիզիկա, սննդի արտադրություն, մոլեկուլյար և ընդհանուր կենսաբանություն, ֆիզքիմիա, ֆոտոքիմիա, օպտիկա, երկրի ֆիզիկա, մաթեմատիկա, օդերևութաբանություն): Գիտության տեմպային զարգացումը մեզ հնարավորություն կտա հելիոտեխնիկայի բնագավառում ստանձնելու համաշխարհային առաջատարի դերը` մեր կարևոր դերակատարումը ապահովելով այդ բնագավառում սպասվող աշխատանքի միջազգային բաժանման մեջ:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՌԱՑԻՈՆԱԼԻԶԱՏՈՐԱԿԱՆ ՈՒ ԳՅՈՒՏԱՐԱՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Եթե հելիոֆիկացիայի շնորհիվ մեր գյուղական բնակչությունը ստանա 350000 հատ միջին հզորությամբ անհատական կոմբինացված հելիոհամակարգ, ապա Հայաստան երկիրը կունենա նաև 350 հազար հելիոլաբորատորիա, և արևային տեխնիկայի ու տեխնոլոգիաների բնագավառում մեր երկրում կատարվող գիտահետազոտական և նորարարական աշխատանքները զանգվածային բնույթ կկրեն: Մարզային արևային պոլիգոնները կստանձնեն արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների ոլորտի համակարգողի դերը: Կձևավորվի հիրավի համազգային գիտահետազոտական կենտրոն, որը աննախադեպ տեմպերով առաջ կտանի հելիոտեխնիկայի և հելիոտեխնոլոգիաների բնագավառը: Նման բան հնարավոր է կազմակերպել միայն Հայաստանում: Այլ երկրներում դա չի ստացվի: Այստեղ է թաքնված մեր տնտեսական շրջադարձային հաջողության բանալին:


ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՀԵՌԱՎՈՐ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների օգտագործման դեպքում սահմանամերձ գյուղերի բնակչությունը կստանա փոքր և միջին բիզնես զարգացնելու ռեալ հնարավորություն: Լոռվա և Տավուշի մարզերում, օրինակ, մեծ հաջողությամբ կարող են կազմակերպվել մուրաբաների արտադրամասեր, որոնց համար հումք կարող են ծառայել հոնը, մոշը, թուզը, հաղարջը և անտառի ու տնամերձ այգու այլ բարիքներ: Հիանալի ընտանեկան բիզնես, որ վերջ կտա այդ գյուղմթերքները քաղաքային շուկաներում իրացնելու դժվարին աշխատանքին: Բոլորիս է հայտնի, որ մեծ դժվարությամբ հավաքված ու քաղաք բերված բերքի զգալի մասը փչանում և թափվում է: Բերքը հավաքելուց կարճ ժամանակ անց արևային տեխնոլոգիաներով պատրաստված մուրաբաները Եվրոպայում վաճառվելու են բացառապես բիոմարկետներում՝ ինքնարժեքից 3-5 անգամ բարձր գներով:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
Հայաստանի մասնավոր հատվածում էներգիայի ծախսն ունի հետևյալ բաշխումը. 70 %՝ բնակարանների ջեռուցման համար, 15 %՝ կենցաղային տաք ջրի համար (լվացքի, լողանալու և այլնի համար), 12 %՝ կերակուր պատրաստելու համար, 3 %՝ լուսավորության և կենցաղային տենիկայի համար` էլեկտրական էներգիայի ձևով: Աշխարհում խիստ տարածված է արևով կենցաղային տաք ջուր ստանալը: Տարբեր երկրներում արտադրվում և կենցաղում զանգվածաբար կիրառվում են տարբեր տիպի և հզորությամբ արևային ջրատաքացուցիչներ: Արևից հոսանք ստանալու համար օգտագործվում են կիսահաղորդչային ձևափոխիչներ: Տեխնիկան լավ զարգացած է, բայց թանկության պատճառով կենցաղում այն քիչ է օգտագործվում (1կՎտ-ը 100 դրամից ավելի): Մեր արևային անհատական համակարգերը կարող են լուծել բոլոր չորս խնդիրները միաժամանակ: Մեկ կՎտ ջերմային էներգիան մեզ մոտ կարժենա 0,32 դրամ, էլեկտրական էներգիան` 50 դրամ: Դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, գործարանների, գոմերի, հավանոցների, ձկնաբուծարանների, ջերմոցների, չորանոցների և բնակարանների ջեռուցման համար մշակված են միջին և բարձր հզորությամբ անհատական արևային ջրատաքացուցիչներ, որոնք էժան են, հուսալի են, կարող են հեշտությամբ սպասարկվել և ծառայել 50 տարի շարունակ: Ջեռուցման համակարգերն աշխատում են էներգիայի բարձր կոնցենտրացիաների ռեժիմով` որպես ջերմատար օգտագործելով յուղային հիմքի վրա ստեղծված հատուկ հեղուկները:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արևային տեխնիկայի զարգացման շարժառիթներից մեկը բնության անաղարտության պահպանումն է, օրինակ` ածխաթթու գազի արտանետման նվազեցման միջոցով: Այստեղ կան ավելի հետաքրքիր գաղափարներ: Օրինակ, մեր արևային ջեռուցման համակարգերը կարող են արտադրել շատ էժան թորած ջուր, մեկ լիտրի համար մոտավորապես 2 դրամ: Ի՞նչ կարելի է անել այդքան էժան թորած ջրով, որը դեղատներում վաճառվում է 200-500 դրամի սահմաններում` սիստեմների և այլ նպատակների համար: Թորած ջրով կարելի է ափսե լվանալ` առանց լվացող հեղուկների, նաև լվացք անել, բուրդ լվանալ և այլն, և այլն: Այստեղ տեղին կլինի հավելել, թե որքա՜ն լվացքի փոշի, հեղուկ կամ օճառ է օգտագործում և ամեն օր բնությանը տալիս յուրաքանչյուր ընտանիք:
ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ
ՕՐԳԱՆԱԿԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Մեր մշակած արևային տեխնոլոգիաները թույլ են տալիս գոմաղբից ստանալ բիոգազ և բիոպարարտանյութ, որն անհրաժեշտ է օրգանիկ մրգեր և բանջարեղեն աճեցնելու համար: Մշակված արևային տեխնոլոգիաները կարող են օգտագործվել հացահատիկի, լոբազգիների և, հատկապես, դրանց սերմացուների ֆումիգացիայի համար: Եթե թունաքիմիկատների միջոցով հաջողվում է ազատվել միայն կենդանի վնասատու միջատներից` չազդելով նրանց ձվերի վրա, ապա արևային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ոչնչացնելու նաև միջատների ձվերը: Շատ դեպքերում հնարավոր է խուսափել թունաքիմիկատների կիրառման անհրաժեշտությունից: Արևային տեխնոլոգիաները կարող են կիրառվել նաև մրգատեսակների որակական ցուցանիշների բարձրացման համար` առանց գենետիկ փոփոխությունների:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
Արտասահմանյան զբոսաշրջիկները, որոնք այցելել են մեր հելիոպոլիգոնները, նշում են, որ իրենց շրջագայության ժամանակ ավելի հետաքրքիր բան նրանք աշխարհում չեն տեսել: Ինչն իրողություն է: Զբոսաշրջիկը անակնկալի է գալիս, երբ բոլոր ուտեստները իրենց աչքի առաջ և իրենց մասնակցությամբ պատրաստվում են անսովոր արևային տեխնոլոգիաներով և շատ համեղ են ստացվում: Հելիոֆիկացված գյուղերը ռեկորդային եկամուտներ կարող են ստանալ էկոտուրիզմից:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հելիոֆիկացիան կնպաստի, որ հայկական արտադրության գյուղմթերքները մրցունակ դառնան միջազգային շուկայում մի շարք պատճառներով:
ա) Արևային տեխնոլոգիաները թույլ են տալիս արտադրել էկոլոգիապես մաքուր և թունավոր նյութերից զերծ սննդատեսակներ:
բ) Սննդի արտադրության մեջ հնարավոր է ներդնել արտադրության կազմակերպման անհատական (տնայնագործական) եղանակը, որը կարող է ապահովել վերամշակման անհամեմատ բարձր որակ: Որակի բարձրացումն այս դեպքում պայմանավորված է բերքահավաք-վերամշակում ժամանակային գործոնի հարյուրապատիկ կրճատումով:
գ) Վերամշակման գործը գյուղացին կարող է կազմակերպել անմիջապես դաշտում, որը նրան կտա լրացուցիչ և շատ օգուտ բերող առավելություններ. կարելի է թողնել, որ պտուղները լրիվ հասունանան և քաշ հավաքեն: Արտադրվող գյուղմթերքի որակը կանխավ կբարձրանա արդեն բարձրորակ հումքի հաշվին` ի տարբերություն լաֆետներով գործարան տարվող խառը բերքի:
դ) Անհատ արտադրողները կարող են ինտերնետային առևտրի միջոցով անմիջական կապ հաստատել շուկայի էլիտար հատվածը ներկայացնող իրենց սպառողի հետ: Այստեղ իր վճռորոշ դերը կարող է ունենալ սննդի անվտանգության և անձնական վստահության գործոնը: Հեռու չէ այն օրը, երբ միջազգային տեռորիստական կազմակերպությունները կփոխեն իրենց մարտավարությունը և, մարդաշատ վայրերում պայթյուններ կազմակերպելուց բացի, կանցնեն սննդամթերքի զանգվածային թունավորման ակցիաներին: Այս պարագայում 1700-ամյա քրիստոնյա և հելիոֆիկացված երկրի համբավ վայելող Հայաստանի գյուղմթերքները ոսկու գին կունենան:
ե) Միայն արևային տեխնոլոգիաները կարող են թույլ տալ, որ գյուղմթերքների ջերմային մշակման պրոցեսներն ընթանան էկոլոգիապես բացարձակորեն մաքուր կվարցե ամանների մեջ:
զ) Ջերմային մշակման ենթարկվող զանգվածի հավասարաչափ ծավալային տաքացման հաշվին նվազում են ջերմաստիճանային գրադիենտները, հետևաբար և իջնում է ուռուցքածին (կանցերոգեն) նյութերի առաջացման հավանականությունը: Մակերևութային տաքացման դեպքում բարձր ջերմաստիճանային կուտակումները և կանցերոգեն նյութերի առաջացումն անխուսափելի են:
է) Վերամշակման պրոցեսների համար կարելի է օգտագործել արևի սպեկտրից վերցրած և նախօրոք ծրագրավորած ցանկացած գույնի լույս: Ավելին, եզակի հնարավորություն է ստեղծվում աշխատելու սպեկտրի մոտ և միջին ԻԿ դիապազոններում, օրինակ, բարձրորակ չիփսերի արտադրության մեջ: Վերամշակման արևային ֆոտո-ջերմային տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ ֆանտաստիկ տեխնոլոգիական հնարավորություններ ջրահեռացման, վիտամինների պահպանման, արոմատիկ ածխաջրածինների առաջացման, բորբոսասնկերի և միկրոբների դեմ պայքարի և այլ ճակատներում:
ը) Լույսի էներգիայի կլանումը իներցիոն երևույթ չէ: Դա թույլ է տալիս բարձր (մինչև 0,001օC) ճշտությամբ ապահովել տեխնոլոգիական ջերմաստիճանների լոկալ և ակնթարթային ծրագրային կարգավորում: ՏԷՆ-երով կամ շապիկավոր կաթսաների դեպքում դա չի ստացվում: Հելիոտեխնոլոգիաներն ունեն առավել կարևոր առանձնահատկություններ, որոնք կարող են անվերջ թվարկվել: Սմբուկի արևային պահածոների, լոլիկի արևային մածուկի, արևային քաղցրավենիքի, արևային կոնյակի կամ արևային մրգահյութերի բարձր որակը գալիս են հաստատելու հելիոտեխնոլոգիաների ներդրման կարևորությունը Հայաստանի համար: Այս ամենը ժամանակին ասվել է պրոֆիլային նախարարներին, ՀՀ վարչապետերին, բայց զրո ուշադրություն: Մեր պատասխանատուների համար դրանք չինական այբուբեն են հիշեցնում: Միակ բանը, որ նրանք ունակ են ընկալելու՝ արևից էլեկտրական էներգիա ստանալու հնարավորությունն է: Այստեղ ևս թույլ է տրվում շատ կոպիտ երկրորդ սխալը: Արևի էներգիա ասելով նրանք հասկանում են միայն արևից էլեկտրական հոսանք ստանալը` չմոռանալով, սակայն, հիշեցնել, որ Թուրքիան արդեն ողողված է արևային ջրատաքացուցիչներով: Կենցաղային տաք ջուր կամ էլեկտրական էներգիա ստանալը հելիոտեխնոլոգիական այսբերգի գագաթն է միայն: Մեր մասնագետները բացահայտել են հելիոտեխնիկայի և հելիոտեխնոլոգիաների կարևորագույն առավելություններ, որոնց օգտագործման դեպքում Հայաստանի տնտեսությունն այնքան կզարգանա, որ կծածկի ողջ Ադրբեջանի տնտեսությունը իր նավթի պաշարներով հանդերձ: Հելիոտեխնոլոգիաները տալիս են բազմաթիվ այլ առավելություններ, որոնց մասին առայժմ պետք է լռել: Մեր մասնագետները մշակել են գյուղմթերքների վերամշակման, պահածոյացման, ապխտման և նմանատիպ մոտ 200 արևային տեխնոլոգիաներ: Նման «կանաչ» տեխնոլոգիաներով մշակված գյուղմթերքների առաջ միջազգային շուկայի դռները միշտ բաց են լինելու. դրանք բացարձակ մրցունակ են: Վերջին 15 տարիներին արևային քաղցրավենիքով, չրերով և արևով պատրաստված չոր մուրաբաներով մենք մասնակցել ենք ԱՄՆ-ի և եվրոպական տարբեր քաղաքներում (Մարսել, Փարիզ, Սան Ֆրանցիսկո, Բեռլին և այլն) կազմակերպված մոտ 30 միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսների: Հետաքրքրությունը շատ մեծ է: Ամստերդամի ֆիրմայի բիզնես առաջարկն ապշեցուցիչ էր. արևային քաղցրավենիքի նրանց պահանջարկը յուրաքանչյուր ամսվա համար 300 տոննա էր: Մոսկվայի «Մագնոլիա» սուպերմարկետների ցանցը պատրաստ է ամեն օր ընդունելու 10 հազար տուփ արևային քաղցրավենիք: Սակայն ամենահետաքրքիրը Ֆրանսիայի մեր գործընկերոջ հայտնությունն է. «Կարֆուր» ընկերությունը պատրաստ է իր սուպերմարկետներում բացելու արևով պատրաստված գյուղմթերքների հատուկ բաժիններ: Արևային գյուղմթերքների համաշխարհային շուկան իսկական դանայան տակառ կարող է դառնալ հայ ապրանքարտադրողների համար: Այստեղ մեր գյուղմթերքները կարող են հաջողությամբ հաղթահարել ինչպես Եվրամիության, այնպես էլ Մաքսային միության ստանդարտային խոչընդոտները:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Եթե աշխարհի հելիոֆիկացիայի գործընթացը սկսվի Հայաստանից, ապա աշխարհի երկրների համար Հայաստանը կարող է դառնալ մեկ ընդհանուր հելիոպոլիգոն, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել նորագույն կոնստրուկցիաների փորձարկման, նոր տեխնոլոգիաների մշակման, փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման գործընթացներ: Միջազգային լայն համագործակցությունը մեր մասնագետներին և մեր երկրին թույլ կտա հելիոտեխնիկայի և հելիոտեխնոլոգիաների բնագավառներում ստանձնել առաջատարի դերը` մեր մշտական ներկայությունը պահպանելով աշխատանքի միջազգային բաժանման այս կարևորագույն հատվածում:


ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ռուսաստանը և Ղազախստանն ունեն արևային տեխնիկայի զարգացման իրենց մոտիվացիան, որը հատուկ է էներգետիկ պաշարներով հարուստ երկրներին: Այդ երկրներն ապրում են էներգակիրների արտահանման հաշվին և գիտեն, որ օրերից մի օր դրանք սպառվելու են: Եթե այդպես է, ապա յուրաքանչյուր էներգետիկ գերտերություն երազում է, որ իր պաշարները սպառվեն վերջում: ԱՄՆ-ն այդ խնդիրը արդեն լուծել է` 60-ական թվականներից դադարեցնելով նավթի արդյունահանումը և անցնելով ներմուծվող վառելիքի: Ռուսաստանն իր էներգետիկ մահակի գործողության ժամկետը փորձում է երկարաձգել նավթային և գազային նոր հանքավայրեր շահագործելով Սիբիրում ու Արկտիկայում` չմոռանալով նաև զարգացնել արևային էներգետիկայի ոլորտը: Դեմ չենք, արևային էներգետիկան կարող ենք զարգացնել նաև Մաքսային միության անդամ երկրների հետ: Հաջողությունն այս ոլորտում թույլ կտա հաստատել Մաքսային միության արդյունավետությունը: Առաջարկվում է ստեղծել նույնիսկ առաջին միութենական Министерство гелиотехнической промышленности Евразии с центром в Спитаке և մեր միահամուռ ուժերով ավարտին հասցնել Սպիտակի երկրաշարժի գոտու արդյունաբերության պոտենցիալի վերականգնման կիսատ թողած գործը:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Այս համագործակցությունը կարելի է արդեն սկսված համարել: Հելիոպոլիգոն կազմակերպելու համար մեծ սիրով մեզ հողամաս և արտադրական տարածքներ է Սպիտակում տրամադրել ֆրանսահայ գործարար Վազգեն Մելքոնյանը: Արևային տեխնիկայի բնագավառում ներդրումներ և համատեղ աշխատանքներ կատարելու ցանկություն են հայտնում բազմաթիվ հայ գործարարներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և սփյուռքի այլ երկրներից: Խնդիրը կարևոր է ոչ միայն ֆինանսական ներդրումների առումով: Հայրենիք-սփյուռք համագործակցությունը մեզ թույլ կտա լուծել բազմաթիվ կարևոր խնդիրներ.
ա) Սփյուռքում կազմակերպել հայկական հելիոտեխնիկական սարքերի բազմաթիվ բազային գործարաններ` տեղական և հարակից շուկաները սպասարկելու նպատակով: Կիսաշրջափակված, վատ ճանապարհներ և կոմունիկացիաներ ունեցող Հայաստանում շատ դժվար է լինելու ցանկացած սերիական արտադրություն կազմակերպելը: Հայաստանում հումքի ներկրման և պատրաստի արտադրանքի արտահանման տրանսպորտային ծախսերը միշտ էլ բարձր են լինելու, էներգակիրները ևս, ինչը կազդի արտադրանքի ինքնարժեքի վրա: Ավստրալիայում, ԱՄՆ-ում կամ ՈՒրուգվայում նման խնդիրներ չեն առաջանա:
բ) Սփյուռքի գործարարների հետ միասին կազմակերպված հելիոտեխնիկական սարքերի գործարանների առկայության դեպքում տվյալ երկրում (տարածքում) անիմաստ կդառնա նմանատիպ այլ գործարանների կազմակերպումը: Դա թույլ կտա տեղական շուկաներում ստանալ որոշակի առավելություններ:
գ) Աշխարհի տարբեր շրջաններում տեղակայված հայկական ձեռնարկությունները հեռու կմնան ռեգիոնալ տնտեսական ճգնաժամերից:
դ) Հայկական հելիոտեխնիկական գործարանների համար սփյուռքում ավելի հեշտ կլինի լուծել նորագույն տեխնոլոգիաների ու տեխնոլոգիական սարքավորումների և նյութերի ներդրման խնդիրը, որը երկարաժամկետ մրցակցային առավելություն կտա մեր արտադրատեսակներին:
ե) Հելիոտեխնիկական արդյունաբերության բնագավառում ձեռք բերած հաջողությունները օրինակ կծառայեն արդյունաբերության այլ ճյուղերի համատեղ զարգացման համար, ինչի արդյունքում կբյուրեղացվի համահայկական (հայրենիք-սփյուռք) ինտեգրված արդյունաբերություն ստեղծելու գաղափարը: Հայրենիք-սփյուռք արդյունաբերական համալիրի զարգացման համար օգտակար և ցանկալի կլինի բոլոր ռեգիոնալ միավորումների, այդ թվում` Մաքսային միության հետ անդամակցելը:
զ) Հայաստանի բիզնես միջավայրը գնահատվում է որպես միջին ռիսկային (աշխարհի երկրների շրջանում այդ ցուցանիշով մենք գրավում ենք 64-րդ տեղը): Արտասահմանյան ներդրողները հիմնականում խուսափում են նման երկրներում խոշոր ներդրումներ կատարելուց: Հայրենիք-սփյուռք համատեղ արտադրական ընկերությունները կարող են կազմակերպվել այն երկրներում, որտեղ ռիսկայնությունը ցածր է: Հայաստանը կարող է ստանձնել գիտահետազոտական և փորձարարական աշխատանքներ իրականացնելու պարտականությունը: Գիտությունը՝ Հայաստանում, արտադրությունը` սփյուռքում: Սփյուռքը ոչ միայն մեր ցավն է, այլև հայ ժողովրդի կայուն տնտեսական զարգացման, անվտանգության և գոյատևման հզոր պատվարը: Պետք է կարողանանք այն ճիշտ օգտագործել հայանպաստ գործունեության համար:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100 ՏԱՐԻՆ
Կարևոր է, որ մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը Հայաստանը և Ղարաբաղը աշխարհում ճանաչվեն որպես կայուն զարգացման ուղին բռնած արդյունաբերական երկրներ: Եթե զարգացումն ընթանա հելիոտեխնոլոգիաների ուղղությամբ, ապա Հայաստանը և Ղարաբաղը աշխարհի համար կդառնան նաև օրինակելի երկրներ, մենք կստանանք լուրջ քաղաքական դիվիդենդներ: Start up-ի լավագույն հաստատումը կլինեն մեր առաջին հելիոֆիկացված գյուղերը կամ գյուղմթերքների վերամշակման առաջին արևային գործարանները: Ֆինանսական առումով դա ոչինչ է, բայց դա թույլ կտա խոսել տնտեսական աճ արձանագրող, ինքնաֆինանսավորվող, ժամանակակից արդյունաբերություն ունեցող Հայաստան երկրի մասին, որին Թուրքիան պետք է հատուցում տա:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՈԿՈՄՈՏԻՎ
Արևային տեխնիկայի պրակտիկ օգտագործման համար անհրաժեշտ է կազմակերպել բազմաթիվ օժանդակ նյութերի, տեխնիկական սարքավորումների և, հատկապես, կվարցե ամանների և տարաների արտադրությունը: Կա երկրների արդյունաբերական մակարդակը գնահատելու մի հայտնի բնորոշիչ. երկիրը համարվում է տեխնոլոգիապես զարգացած, եթե տիրապետում է կվարցե ապակու տեխնոլոգիաներին: Հայաստանն ունի կվարցիտների հարուստ հանքեր և պետք է մտածել կվարցային ամանների արտադրության առաջին գործարանը կազմակերպելու մասին: Կվարցե ամանները պետք են լինելու և՛ հայկական արևային սրճարաններին, և՛ մեր ֆերմերներին, և՛ արևային ջեռուցման համակարգերին որպես նախատեսված բարձրջերմաստիճանային կլանիչների կոնստրուկցիայի կարևոր բաղադրիչ:

ԱՐԵՎԱՅԻՆ ՍՐՃԱՐԱՆՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Միայն արևի էներգիա օգտագործող արևային խոհանոց-սրճարանների գաղափարը շատ կենսունակ է: Նման հայկական սրճարաններ կարող են կազմակերպվել աշխարհի տարբեր ծայրերում սփռված հանգստյան գոտիներում և, հատկապես, լողափերում: Այդ սրճարանների համար որպես տեխնոլոգիական սարքավորումներ օգտագործվելիք հելիոհամակարգերի ծավալները հաշվվում են 2 տրիլիոն դոլարի սահմաններում` չհաշված այն ապրանքների և ծառայությունների եկամուտները, որոնք կարող են բերել այդ սրճարանները: Հիշենք, որ լողափերում հանգստացողները հարուստ և իրենց անձի համար շռայլություններ թույլ տվող մարդիկ են: Դա էլիտար շուկա է:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
Տարբեր երկրներում գործող կանաչների միությունները և էկոլոգիական տարբեր կազմակերպություններն իրենց հավաքները կարող են կազմակերպել հայկական արևային պոլիգոններում, կազմակերպել էկոլոգիական երիտասարդական խաղեր, կանաչ օլիմպիադաներ և այլն: 2002 թվականին մեզ հաջողվեց անցկացնել «Արևային խաղերի» անդրանիկ մրցումները «Golden Spoon» մրցանակի համար` դպրոցական և ուսանողական թիմերի մասնակցությամբ: Շատ հետաքրքիր խաղեր են ստացվում: ՈՒնենք հելիոֆիկացիայի դրոշը և օրհներգը` հայերեն և անգլերեն տարբերակներով:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ակադեմիկոս Պարիս Հերունու ջանքերով արևային տեխնիկայի գաղափարները խոր արմատներ են գցել Հայաստանում: Հայ ազգը շատ է մտածում այդ ուղղությամբ: Մենք ամեն օր բազմաթիվ նոր գաղափարներ և նորարարական առաջարկություններ ենք ստանում մեր քաղաքացիներից: Մեր բանվորների, ինժեներների և գիտնականների նորարարական ակտիվությունն ուղղակի զարմանք է առաջացնում: Առավել զարմանալի է, որ իրենց սեփական գաղափարները մարդիկ պատրաստ են տրամադրելու անվճար` հանուն Հայաստանի: Աշխարհի որևէ երկրում նման երևույթի չես հանդիպի: Իրենց նոր գաղափարները մարդիկ այնտեղ յոթ կողպեքի հետևում են պահում, իրենց նոր գաղափարները կարող են միայն վաճառել: Հայաստանի դեպքը յուրահատուկ է, ինչը մեծ հույսեր է ներշնչում: Մեր քաղաքացիների հետ մենք կարող ենք ստեղծել միասնական ժողովրդական արևային գիտություն: Դա մեր հաջողությունների գրավականն է:

ԳԱԶԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ
Արտասահմանյան ներդրողները մեկ ցենտ անգամ չեն զոհի հայկական արևային ծրագրերի համար, եթե դրանց առնչությամբ բավական անհեթեթ հարցեր կարող են առաջանալ: Նախ, Հայաստանում արևային ծրագրերի իրականացման «добро»-ն պետք է ստանալ Հայաստանի կառավարությունից և ռուսական «Գազպրոմից» (Գազի պայմանագրի 8-րդ հոդված): Արևային տեխնիկայի սպառողներին շահագրգռող հիմնական գործոնի, այն է՝ գազի խնայողության վրա տաբու է դրված (Գազի պայմանագրի հավելված, կետ 7): Արևային տեխնիկայի շնորհիվ խնայված գազի գումարը սպառողից գանձվելու է ավելի ուշ` գազի սակագների բարձրացման մեխանիզմի միջոցով: Էշ առնես՝ էշ ծախես։ Իմաստը ո՞րն է:
Այստեղ առաջանում են խնդրի լուծման տարբերակներ:
Առաջին տարբերակ. արևային ծրագրի հեղինակներն իրենց աշխատանքները շարունակում են Հայաստանից դուրս` այն երկրներում, որտեղ կստեղծվեն համապատասխան նպաստավոր պայմաններ: Պետության աջակցություն, նպաստավոր վարկային և հարկային քաղաքականություն և այլն։ Այնպես, ինչպես դա արվում է ԱՄՆ-ում, Իսրայելում, Գերմանիայում, առավելապես Հոլանդիայում, Նորվեգիայում, Ավստրալիայում, Նիգերիայում, Ռուսաստանում, Ղազախստանում, Թուրքմենստանում և աշխարհի գրեթե մնացած բոլոր երկրներում: 20 տարվա ընթացքում հելիոտեխնիկայի բնագավառում հայ ինժեներները և գիտնականները կատարել են գիտահետազոտական և փորձարարական հսկայածավալ աշխատանքներ, և ափսոս է, որ դրանք փոշիացվեն և մեր երկրից դուրս մղվեն: Նշենք, որ հելիոտեխնիկան տեղ է գտել աշխարհի բոլոր հզորագույն երկրների արդյունաբերական զարգացման առաջնահերթությունների մեջ, որ պետական և մասնավոր հսկայածավալ ներդրումներ են կատարվում այդ բնագավառում: Շատ երկրներ առանց մեզ էլ մղոնանոց քայլերով են առաջ գնում: Ժամանակային որոշակի առավելությունը, որը մենք ստացել ենք մեր մրցակիցների նկատմամբ (Պարիս Հերունու շնորհիվ մենք 20 տարի առաջ սկսեցինք այն աշխատանքները, որոնց վրա այսօր աշխատում են աշխարհում), հավանաբար, մենք կորցնելու ենք` ի չիք դարձնելով մրցակցային տնտեսություն ստեղծելու այսօրվա մեր ռեալ հնարավորությունները: Հայաստանի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու այլ ճանապարհ, քան հելիոտեխնիկական արդյունաբերության տեմպային զարգացումն է, համենայն դեպս, ես չեմ տեսնում:
Երկրորդ տարբերակ. Հայաստանի Ազգային ժողովը օրենք է ընդունում հելիոֆիկացիայի մասին, որը մեզ ազատում է գազային պայմանագրից բխող անորոշություններից և թյուրըմբռնումներից:
Երրորդ տարբերակ. հելիոֆիկացիայի գործընթացը սկսվում է Արցախում, որտեղ գազի պայմանագիրը իրավական ուժ չունի:
Չորրորդ տարբերակ. հելիոֆիկացիայի գործընթացը կազմակերպվում է Մաքսային միության երկրների հետ: Սպիտակի աղետի գոտում զարգացվում է հելիոտեխնիկական արդյունաբերությունը, իսկ Ռուսաստանը և Ղազախստանը սկսում են իրենց երկրների հելիոֆիկացիան` օգտագործելով հայկական արտադրության հելիոհամակարգերը:
Տարբերակները շատ են: Դրանք կարող է մշակել նաև մեր հելիոֆիկացիայի խորհուրդը, եթե ՀՀ իշխանություններից նման հանձնարարություն ստանա:

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ

Երկրների և աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր

Դիտվել է՝ 4012

Մեկնաբանություններ